Օրերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտնել է,
որ առաջարկել է 3-րդ փոխվարչապետի ինստիտուտ ստեղծել, որը կզբաղվի բացառապես եվրաինտեգրման
գործով։ Թեմայի վերաբերյալ, ինչպես նաև, թե որքանով սա կարագացնի մեր եվրոպական ինտեգրման
հարցը, զրուցել ենք Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական
ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։
«Չգիտեմ՝ որքանով կնպաստի, բայց այն, որ մենք իրականում շատ ենք
ուշացել՝ տասնյակ տարիներով, սա ինձ համար միանշանակ փաստ է։ Կարծում եմ՝ ճիշտ առաջարկություն
է, բայց այդ առաջարկությունը պետք է հստակ ամրագրի, որ մեր եվրաինտեգրումը ոչ թե պահի
տակ ընդունված որոշում է, այլ մեր իրական ընտրությունն է։ Ինչ է նշանակում եվրաինտեգրում.
հաճախ դա պարզապես խառնում են վիզաների չեղարկման հետ։ Իրականում դա քաղաքակրթական
ընտրություն է, դու ընտրում ես որակ, դու ընտրում ես ապագա։ Եվ այս ընտրությունը, կարծում
եմ, կախված չէ ո՛չ «Քաղաքացիական պայմանագրից», ո՛չ որևէ այլ կուսակցությունից։ Սա
պետք է լինի մեր ժողովրդի ընտրությունը, որովհետև մենք իրականում ոչ մի տեղ չենք գնում,
մենք պարզապես վերադառնում ենք մեր արմատներին, մենք եվրոպական ժողովուրդ ենք»,- ասաց
Ռուբեն Բաբայանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ շատ լուրջ է վերաբերվում այս հարցին, որովհետև
դա պահանջում է շատ մեծ փոփոխություններ՝ մեր աշխատանքի, մեր կրթության, մեր ապրելակերպի
հանդեպ վերաբերմունքի մեջ։
Հարցին, թե մեր ժողովուրդն այս պահին պատրա՞ստ է այդ փոփոխությանը,
Ռուբեն Բաբայանն ասաց, որ երբ Հայաստանում
անցկացվում էր անկախության հանրաքվե, իրականում այդ ժամանակ էլ ժողովրդի մեծամասնությունը
չէր հասկանում, թե դա ինչ է։
«Որովհետև եթե գիտակցված ընտրություն լիներ, այդքան շուտ չէին հրաժարվի
անկախության բովանդակությունից, այլ կփորձեին իսկապես քայլ առ քայլ այն ամրապնդել»,-
նշեց Ռուբեն Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան